23/05/2016 20:23
Նալբանդյան. Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել
Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ՝ սևը սպիտակի վրա արձանագրված են այն հանձնառությունները և պայմանավորվածությունները, որոնք ստանձել են կողմերը։ Դեռ հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել: Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
«Հատկանշական է, որ այդ հայտարությունների հեղինակներն են, ես կասեի, իրենց «մտքի գոհարներով» աչքի ընկնող արդբեջանական հայտնի պաշտոնյաները, ինչպես նաև հենց Ադրբեջանի ԱԳ նախարարի բնորոշմամբ՝ առանց մայրաքաղաքից ստացված հանձնարարականների ինքնագործունեությամբ զբաղվող Ադրբեջանի դեսպանները», - ասել է ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Բաքվի տրամաբանությամբ ստացվում է, որ գագաթաժողովին բոլոր ներկաները, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։
«Դա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ միջազգային հանրությունը և Բաքուն խոսում են տարբեր լեզուներով։ Բաքվի փորձերը՝ որոշ պաշտոնյաների միջոցով հրամցնել իր շինծու վարկածները, ապարդյուն են», - ասել է ԱԳ նախարարը: