23/05/2016 13:48
ՊԵԿ-ում «մաղարիչով» աշխատանքի չեն ընդունում. Ալավերդյան
Պետեկամուտների նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ում աշխատանքի տեղավորվելու համար մարդկանցից որևէ մեկը գումար՝ «մաղարիչի» տեսքով չի վերցնում:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր համակարգում աշխատանքի ընդունվելու համար գումար չեն տալիս: Եթե որևիցե մեկը կարող է դա փաստել, թող փաստի: Ցանկացած մարդ կարող է պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել ու աշխատանքի անցնել: Այդ ժամանակներն անցել են շատ-շատ վաղուց», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Ալավերդյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև, թե տարեկան որքան է կազմում նրա աշխատավարձը:
«Տարեկան իմ եկամուտները կազմում է տասնհինգ միլիոն դրամ», - պատասխանեց Ա.Ալավերդյանը: