23/05/2016 11:18
Պենտագոնը նպատակ ունի ամրապնդել կապերը Հայաստանի Զինված ուժերի հետ. գեներալ Հոջես
Ամերիկյան Զինված ուժերը նպատակ ունեն ամրապնդել կապերը հայ գործընկերների հետ, հայտարարեց Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը:
«Ես այստեղ եմ՝ շարունակելու ու ամրապնդելու կապերը ՀՀ ԶՈՒ ու ԱՄՆ ԶՈՒ միջև: Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կա համագործակցություն, մասնավորապես, մենք կապված ենք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում», - Երևանում մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց Ֆրեդերիկ Բեն Հոջեսը:
«Պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ հայ զինծառայողների գործունեությամբ խաղաղապահ առաքելության շրջանակում: Մենք բազմաթիվ տեղերում միասին ենք եղել և հայ զինծառայողները իրենց գերազանց են դրսևորել», - ասաց ամերիկացի գեներալը:
Նա ընդգծեց, որ վերջերս ներկա է եղել նաև բժշկական զորամիավորումների զորավարժությանը, որում ևս կարող է առանձնացնել հայ բժիշկների և ընդհանրապեա բժշկական անձնակազմի աշխատանքը:
«Տպավորված եմ նրանց աշխատանքով ու տեսնում եմ ներուժ մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Հենց այս առաքելությամբ էլ այստեղ եմ», - նշեց Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատարը: