23/05/2016 16:06
ԱՄՆ գեներալ. Ամերիկյան կողմը հավատարիմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ շրջանակներում
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի Ազգային Գվարդիայի համագործակցությունը Հայաստանի հետ կընդլայնվի, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանում այլ գործընկերների հետ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Այսօր տեղի է ունեցել նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Հոդջեսի և ԱՄՆ Կանզասի նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք նախագծերը, մասնավորապես` փոխգործակցելիության մակարդակի բարձրացման նպատակներով համատեղ վարժանքներ, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին աջակցելու նպատակով Հայաստանի ստանձնած հանձնառությամբ բժշկական և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման մասնագիտացված ստորաբաժանումների պատրաստում և այլն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:
Ամերիկյան կողմը հայտնել է իր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների զարգացման ժամանակ կողմերի կրած մարդկային կորուստների կապակցությամբ, նշել, որ հավատարիմ է ԵԱՀԿ խմբի գործընթացի միջոցով համակարտության խաղաղ կարգավորմանը: