23/05/2016 19:25
Քննարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն արդիականացնելու հարցը
ՀՀ Արդարադատության նախարարությունում քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն արդիականացնելու հարցը, տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայութունից:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը «Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման» հայեցակարգին վերաբերող աշխատանքային քննարկման շրջանակներում մայիսի 23-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին:
Սուրեն Քրմոյանն առանձնացրել է մի քանի հիմնախնդիրներ, որոնց շրջանակներում էլ առաջացել է օրենքի կատարելագործման պահանջն ու նախաձեռնվել օրենսդրական փոփոխությունների հայեցակարգի մշակումը:
Նրա խոսքով՝ այդպիսի պահանջներից են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ կարգավորումներով օրենք ունենալը, որը կնպաստի նաև թափանցիկության մեծացմանն ու հանդես կգա որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նպատակ է դրվել զարգացնելու տեղեկատվության պատասխանատու անձանց ինստիտուտը, խթանելու պրոակտիվ տեղեկատվությունը, ինչպես նաև՝ լուծելու օրենքը խախտելու դեպքում առաջացող պատասխանատվության և հանրային նշանակության տեղեկատվություն ստանալու հետ կապված հարցեր: