23/05/2016 18:23
Օմբուդսմեն. Ադրբեջանի վայրագությունների մասին փաստերը պետք է պրոֆեսիոնալ կերպով ներկայացվեն
Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կիրառած ագրեսիայի` հատկապես խոշտանգումների հետ կապված հայ մի խումբ իրավաբաններ պատրաստվում են դիմել միջազգային կառույցների:
Այս նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դրական է գնահատում, սակայն շեշտում է, որ կարևորը ճիշտ որոշումներ կայացելն է:
Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությանն են միացել ինչպես իրավաբաններ, այնպես էլ լրագրողներ: ՄԻՊ Արման Թաթոյանը նկատեց, որ այդ մարմիններից յուրաքանչյուրն ունի իրավասության իր ծավալն ու կարգավիճակը և չափազանց կարևոր է խնդրանքի ձևակերպումը:
«Այն չպետք է կոնկրետ մարմնի իրավասության շրջանակից դուրս լինի: Որքան շատ հստակ խոսվի և պրոֆեսիոնալ առումով փաստեր ներկայացվեն, դրանք միայն կօգնեն: Դրական առումով շատ լավ օրինակ է ԼՂՀ ՄԻՊ միջանկյալ զեկույցը, որն այդ պահի դրությամբ հրապարակված էր հրապարակային աղբյուրների վրա, այսինքն՝ ներկայացված էր փաստերով ու լուսանկարներով, ինչը հնարավոր եղավ ապահովել նաև լրագրողների օգնությամբ», - ասաց նա:
Օմբուդսմենի խոսքով՝ հայերի նկատմամբ ապրիլին կատարված խոշտանգումների խնդրի մասին ինքը բարձրաձայնել է նաև Եվրոպայի խորհրդում, բայց առայժմ նախընտրում է այդ արձագանքի մասին մանրամասներ չներկայացնել. «Ամեն բան դեռևս քննարկման փուլում է»:
Հարցին՝ ՄԻԵԴ դիմելու պարագայում հաղթելու ի՞նչ շանսեր կան, Ա.Թաթոյանը պատասխանեց, որ հրապարակային աղբյուրներից տեղեկացել է, որ Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացվել են գանգատներ, ինչը շատ կարևոր քայլ է:
«Եվրոպական դատարանը մի շարք կոնվենցիաներ ունի: Այս պահին այս առումով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ դիրքորոշումս բացասական կանդրադառնա գործընթացի վրա: Իրավապաշտպանների հայտարարությանը նույնպես ծանոթ եմ և դա, իհարկե, կարևոր է: Սակայն կարևորն այն է, որ խոսքը չվերաբերի միայն միջկառավարական կազմակերպություններին: Այստեղ շատ կարևոր են հատկապես վերպետական կառույցները: Հիմնական շեշտադրումն այն է, որ անթույլատրելի է Եվրոպայի խորհրդի տարածքում, այն էլ 21-րդ դարում, ունենալ մի վիճակ, որտեղ կարող են նման վայրագություններ տեղի ունենալ, քանի որ մարդիկ ունեն պաշտպանվածության իրավունք», - ընդգծեց նա:
Օմբուդսմենը կարևորեց նաև Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի չեզոք քննադատությունը, որը հրապարակվեց ապրիլի 11-ին: «Որքան շատ լինեն այդպիսի քննադատություններ, այնքան լավ: Այսպիսի խնդիրները միշտ պետք է լինեն Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում, քանի որ, եթե կանխարգելող քայլեր չլինեն, կարող է ավելի վատ հետևանքներ ունենան», - ասաց նա: