24/05/2016 09:36
«Նաիրիտի» նախկին աշխատակից Կարեն Հակոբյանի աշխատավարձի պարտքը պետությունը չի փակել
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը տասնյակ նամակներ է հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին՝ քրտինքով վաստակած գումարները՝ աշխատավարձը ստանալու խնդրանքով, սակայն մինչ օրս նրա հարցն այդպես էլ չի լուծվում: Այս մասին գրել է «Առավոտը»: Նույնիսկ այն դեպքում, երբ գործարանի՝ ամիսներ շարունակ աշխատակիցներին պարտք մնացած գումարները պետությունը մարեց, Կարեն Հակոբյանի հարցը չքննարկվեց: Նա կրկին վարչապետին դիմում է գրել՝ հույս ունենալով, որ այս անգամ Հովիկ Աբրահամյանը հարցը կվերցնի իր հսկողության ներքո:
«Ելնելով վերոգրյալից՝ կրկին դիմում եմ Ձեզ և խնդրում Ձեր աջակցությունը իմ խախտված իրավունքների վերականգման և տարիների աշխատանքով ձեռք բերված և ՀՀ իրավասու դատարանի վճռով հաստատված իմ աշխատավարձի պարտքը ստանալու հարցով»,-վարչապետին ուղղված նամակում գրել է քաղաքացին: