24/05/2016 10:02
«Դիրքերը պետք է պարտադիր հետ վերցնենք, մեր ընկերների արյունը ընդեղ ա». Հրաշքով փրկված զինվորները չեն հանձնվում
«Ժամանակում» կարդում ենք. «Զեբրայիլի շրջանում գտնվող, ապրիլի 2-ից հակառակորդի տիրապետության տակ անցած դիրք է, ինչպես զինվորներն են ասում՝ Լալայկան: 19-ամյա զինծառայող Արման Կիրակոսյանը հենց այս դիրքում 13 հերոսների հետ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտնչել է հակառակորդի զինվորների ու մեծաթիվ վարձկանների դեմ: Պատմում է՝ հակառակորդը կիրառել է ծանր հրետանային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Արմանը չի մտածել, որ ողջ է մնալու, կրակահերթի տակ հասել է հարևանությամբ գտնվող մարտական հենակետ՝ կատարելով զինվորի իր պարտքը: Մելքոնյան Գևորգն էլ Մատաղիսում ծառայում է որպես դասակի հրամանատար: Թեժ մարտերի ժամանակ ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ, ասում է՝ իր հետ մարտական հենակետում գտնվող անձնակազմի բոլոր անդամները ողջ են մնացել:
Արմանը և Գևորգը կարծում են, որ հակառակորդի տիրապետության տակ չպետք է մնա մեր կորցրած 800 հեկտար հողատարածք: Ասում են՝ դա հղի է վտանգներով:
Արման Կիրակոսյանը, ով դուրս գրվեց զինվորական հոսպիտալից, գնալու է Ասկերան, ծնողներն այնտեղ են, Գևորգը շուտով դուրս կգրվի: Երկուսով առաջին հերթին պատրաստվում են այցելել զոհված մարտընկերների ծնողներին»: