24/05/2016 10:07
Իշխանությունը հրահանգել է պատժել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնողներին
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության և ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության մեջ:
«Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել: Իսկ քրեական գործի առիթը եղել էր տեսախցիկների արձանագրած ոչ բոլոր խախտումներին ընթացք տալու բացահայտված փաստերը: ՀՔԾ-ում քրեական գործի քննության արդյունքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից արձանագրված բոլոր խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցվել են ճանապարհային ոստիկանությանը: Սակայն ՃՈ-ում խախտումների մի մասին ընթացք չի տրվել: Այժմ ՀՔԾ քննիչները պիտի պատժեն բոլոր կողմերին, որպեսզի դաս լինի, և հանկարծ տուգանքները «տակով չանեն»»,-հավելել է թերթը: