24/05/2016 15:42
90-ամյա այաթոլլահ Ահմադ Ջանաթին ընտրվել է Իրանի Փորձագետների խորհրդի նախագահ
Այաթոլլահ Ահմադ Ջանաթին ընտրվել է Իրանի Փորձագետների խորհրդի նախագահ, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ այսօր կայացած Փորձագետների խորհրդի նախագահի ընտրությանը այաթոլլա Ջանաթին ստացել է 51, այաթոլլահ Էբրահիմ Ամինին՝ 21, իսկ այաթոլլահ Հաշեմի Շահռուդին՝ 13 ձայն, մեկ ձայն էլ անվավեր է ճանաչվել:
Ահմադ Ջանաթին 90 տարեկան է, ծննունդով Սպահանից է:
Այաթոլլահ Քերմանին և այաթոլլահ Շահռուդին համապատասխանաբար 63 և 65 կողմ ձայներով ընտրվել են Փորձագետների խորհրդի փոխնախագահներ:
88 անդամ ունեցող Փորձագետների խորհուրդը վերահսկում է հոգևոր առաջնորդի գործունեությունն ու անհրաժեշտության դեպքում ընտրում հոգևոր առաջնորդ: Իսլամական հեղափոխությունից ի վեր այս կառույցն ընդամենը մեկ անգամ է ընտրել հոգևոր առաջնորդ: