24/05/2016 09:53
Եթե պետք լինի, պատրաստ եմ անել ցանկացածը՝ մինչև որ պատերազմի տեսանելի վտանգն անցնի. «Առավոտի» խմբագիր
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ասաց՝ «իսկ դու պատահակա՞ն ես համարում, որ իմ ու քո նման մարդիկ այս պետությանը պետք չեն»: Ես չհամաձայնեցի՝ ասելով, որ բոլորս էլ պետք ենք՝ հացթուխն՝ իր տեղում, բժիշկը, ուսուցիչը, լրագրողն՝ իր: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ ինչ-որ ուսադիրներ կրենք: Հատկապես հիմա, երբ սպասվում է հակառակորդի նոր, ավելի լայնամասշտաբ հարձակում, անձամբ ես կարծում եմ, որ իմ գործով օգուտ եմ բերում պետությանը: Բայց եթե պետք լինի, պատրաստ եմ անել ցանկացածը՝ մինչև որ պատերազմի տեսանելի (չափից դուրս տեսանելի) վտանգն անցնի: Գիտեմ, որ շատերը հատկապես վիրտուալ տարածքում և հատկապես Հայաստանում չապրողները, ինձ հետ համաձայն չեն՝ նրանք կտան իշխանավորների և հարուստների անուններ, որոնք իրենց (նաև ինձ) դուր չեն գալիս և կասեն՝ «սրանց պետության հետ ես ոչ մի գործ չեմ ուզում ունենալ»: Հասկանում եմ և չեմ պատրաստվում վիճել՝ պարզապես ամեն մեկը գնում է իր ճանապարհով:
Պարզապես ինձ թվում է, որ այս պահին խրամատը ոչ միայն Թալիշում է կամ Հադրությում: 21-րդ դարում պատերազմն ընթանում է տնտեսության մեջ, լայն իմաստով՝ մշակույթում, մարդկանց ուղեղներում: Եթե ուղեղը ամայի է և անմշակ, ապա այդպիսին կլինի նաև հողը, եթե այդպիսին է հողը, ապա, վախենամ, նույնպիսին կարող է լինել նաև դիրքը, խրամատը: Ամեն ինչ փոխկապակցված է: Ի վերջո, «դիրքը» կամ «հողը» ինքնանպատակ չեն, միակ և գերագույն նպատակը այդ հողի վրա ամպրող Մարդն է, որն այսօր կանգնել է բնաջնվելու, եղեռնի ենթարկվելու վտանգի առջև»: