24/05/2016 15:45
Բադալյան. Պետծառայության գրավչությունը բարձրացնելու համար պետք է աշխատավարձի աճ լինի
Քաղաքացիական ծառայության 7000 պաշտոնների շուրջ 10 տոկոսն այս պահին թափուր է, և կրճատումների դեպքում առաջին հերթին կկրճատվեն այս թափուր հաստիքները, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
«Սյս պահին կխուսափեմ որևէ թիվ նշել, որովհետև պետական մարմիններն իրենք պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն, հանձնաժողովը քննարկի և նոր պարզ կլինի, թե որքան: Բայց զուտ իմ անձնական կարծիքով` կրճատումների տեղ կա: Միայն թափուրների կրճատումով դժվար կլինի, քանի որ միայն թափուրները չեն, որ ծախս են պարունակում», - ասաց նա:
Մանվել Բադալյանը նկատեց, որ կան թափուր պաշտոններ, սակայն երկար ժամանակ է` այդ պաշտոնները չեն համալրվում:
«2015 թվականին կազմակերպած 908 մրցույթներից 135-ում հաղթող չի եղել: Մենք խոսում ենք գործազրկության մասին, սակայն ուզում եմ ասել, որ որակը չի բավարարում, իսկ անորակ պետական ծառայողներ մենք պետք է ձգտենք չունենալ: Պետական ապարատի հաշվին չպետք է լուծել մարդկանց սոցիալական ապահովածության խնդիրը», - ասաց նա:
Պաշտոնյան ընդգծեց նաև, որ ատեստացիայի ընթացքում գործող հարյուրավոր քաղծառայողներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից:
Դիտարկմանը, թե լավ մասնագետները չե՞ն գալիս քաղծառայություն, Մանվել Բադալյանն արձագանքեց. «Որակյալ իրավաբանները, ֆինանսիստները, տնտեսագետները գերադասում են մասնավոր ոլորտը, քանի որ մասնավոր հատվածում այս մասնագետներն ավելի բարձր են վարձատրվում: Պետական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար պետք է աշխատավարձի աճ լինի»: