24/05/2016 12:51
Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքը տեղի է ունեցել տրանսպորտի և կապի նախարարության ավտոպարկի տարածքում
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի կեսերին նախարարության ավտոպարկի տարածքում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց աղբյուրը:
«Կալանավորված և ձերբակալված վեց անձանցից միայն չորսն են Գ.Բեգլարյանի թիկնապահները: Ի սկզբանե նրանք ներգրավված չեն եղել կոնֆլիկտում, այլ օգնության են եկել կողմերից մեկի խնդրանքով, այսպես ասած «բազառին իտոգ տալու համար»», - ասաց Aysor.am-ի զրուցակիցը:
Նրա խոսքով, կոնֆլիկտը տեղի է ունեցել մայիսի 16-ին, շարունակվել մայիսի 17-ին:
«Կողմերի միջև հակասություններ են առաջացել ֆինանսական պատճառներով: Նրանցից մեկը առանց մյուսի իմացության բանկային քարտից խոշոր գումար էր կանխիկացրել, ինչն էլ դարձել է վեճի առարկա, այնուհետև ծեծկռտուքի, որին անմիջական մասնակցություն են ունեցել Գ.Բեգլարյանի թիկնապահները», - նշեց Aysor.am-ի աղբյուրը:
Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով: