24/05/2016 18:01
Մարզպետ. Գեղարքունիքի մարզպետարանի աշխատողներին կրճատելու կարիք չկա
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարծիքով՝ իր մարզպետարանում աշխատողներ կրճատելու անհրաժետություն չկա:
«Մարզպետարանի աշխատակազմի թվաքանակը Կառավարության որոշմանը համապատասխան է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Գրիգորյանը հավաստիացրեց նաև՝ մարզպետարանի բոլոր աշխատակիցներն իրենց տեղերում աշխատում են, և բոլորը քաղծառայողներ են, ովքեր աշխատանքի են ընդունվել՝ մրցույթներին մասնակցելով:
Ինչ վերաբերում է սպասվելիք կրճատումներին, ապա նա ընդգծեց, որ խնդիրը դրվելու հետ մեկտեղ նաև հիմնավորումներ պետք է ներկայացվեն: «Գեղարքունիքի մարզը տարածքով ամենամեծն է», - հավելեց նա:
Հարցին, թե խնդիրը մարզ չպե՞տք է հասներ և պաշտոնյաներն իրենցի՞ց պիտի սկսեին, մարզպետը պատասխանեց. «Կարծում եմ՝ խնդիրն իրականում առկա է, և գլոբալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Եթե հանրապետության վարչապետի կողմից նման հայտարարություն եղել է, ապա կարծում եմ` քայլեր կարվեն»:
Մարզպետի խոսքով՝ ինքը ծախսերի կրճատման տեղ չունի, և այն, ինչ հնարավոր է եղել 4 տարիների ընթացքում, արդեն իսկ կրճատել է: «Ինչքան պետք էր խնայողաբար աշխատել, ես աշխատել եմ», - եզրափակեց նա: