24/05/2016 10:53
Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանին ԼՂ հարցով զեկույց է ներկայացվելու
Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ի տարբերություն Ադրբեջանի, տեսնում են բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա, ասել է Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ հանդիպման ժամանակ:
Նա մտահոգիչ է համարել միջազգային հանրության կողմից հնչող անհասցե կոչերը, այդ հարցում կարևորելով առանցքային դերակատարություն ունեցող ԵԱՀԿ-ի հասցեական գնահատականները:
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում. նա դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ ղարաբաղցիներն ընդամենն իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքն այնպես, ինչպես աշխարհի շատ այլ ժողովուրդներ», - ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել հակամարտության կարգավորմանը:
Իր հերթին Քրիստիան Վիգենինն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրումը՝ առանց վիճարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին: