24/05/2016 21:40
Հայ-իտալական հարաբերությունների զարգացման հարցերն են քննարկել Արտակ Զաքարյանն ու Իտալիայում նորանշանակ դեսպանը
Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 24-ին ընդունել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին:
Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ համոզմունք հայտնել, որ իր պաշտոնավարման տարիներին դեսպանը կանի առավելագույնը` զարգացնելու հայ-իտալական բարձր մակարդակի հարաբերությունները:
Երկու պետությունների հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը:
Նշվել է, որ Իտալիայի Հանրապետության խորհրդարանի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առկա են լավ աշխատանքային եւ գործընկերային հարաբերություններ: Մասնավորապես կարեւորվել է ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում Իտալիայի պատգամավորների հետ ակտիվ համագործակցությունը եւ դեսպանության գործուն աջակցությունն այդ հարցում:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ համագործակցության ակտիվացումը առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ ներդրումների խրախուսման ուղղություններով:
Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում աջակից կլինի միջխորհրդարանական հարաբերությունների առավել ակտիվացմանը, ինչպես նաեւ Իտալիայի Հանրապետության խորհրդարանում ՀՀ Աժ հանձնաժողովի նախաձեռնությունների խթանմանը: