24/05/2016 16:28
Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին:
Ինչպես հայտնում է նախարարության լրատվության ծառայությունը, դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ:
Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտներ:
«Կառավարությունը մտադիր է ընդլայնել ծրագրի շրջանակը: Մենք մտադիր ենք նոր ուսումնական տարվանից դպրոցական սննդի ծրագիրն իրականացնել նաև Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզերում` որպես սոցիալապես առավել անապահով մարզեր: Իսկ հետագա տարիներին փորձելու ենք առավել ընդլայնել ծրագրի շրջանակը՝ ընդգրկելով բոլոր մարզերը», - նշել է Լ.Մրտչյանը:
Պարենի համաշխարհային ծրագրից Հայաստանի համար որպես դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որն աջակցություն է ցուցաբերում խոհանոցների ձևավորման հարցում:
Պետական ֆինանսավորմամբ յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից 1 օրվա համար հատկացվում է 140 դրամ գումար, որից 120 դրամը նախատեսված է սննդի, մնացածը՝ կազմակերպչական աշխատանքի համար: