24/05/2016 13:49
Ամերիկահայերը աջակցում են ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատական Հիլարի Քլինթոնին. Forbes
Պատմական հիշողությամբ պայմանավորված ամերիկահայերը աջակցում են ԱՄՆ նախագահի թեկնածու՝ Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնին, գրում է ռուսական Forbes պարբերականը:
«Ամերիկահայերը աջակցում են Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնին: Դա պայմանավորված է պատմական հիշողությամբ և ԱՄՆ-ում առաջին հայկական համայնքների ձևավորման առանձնահատկություններով», - գրում է հոդվածի հեղինակ՝ Արեգ Գալստյանը:
Հեղինակը նշում է, որ Հիլարի Քլինթոնը տասը տարի շարունակ պաշտպանում է Ցեղասպանության ճանաչման մասին օրենքն ընդունելուն ուղղված հայկական համայնքի ջանքերը: «Նա հետևողականորեն հանդես է գալիս որպես Սենատում բազմաթիվ հայամետ բանաձևերի աջակից՝ մասնակցելով Սփյուռքի համաժողովներին եւ հավաքներին: Սակայն, Օբամայի առաջին նախագահության օրոք դառնալով ԱՄՆ պետքարտուղար, Քլինթոնը Կոնգրեսում լսումների ժամանակ խուսափում էր ցեղասպանություն բառից: Բայց, ի տարբերություն Օբամայի, նա ամբողջովին չի սպառել համայնքի վստահությունը», - նկատում է հեղինակը:
Գալստյանը ընդգծում է, որ եթե Ամերիկայում բնակվող հայերը ընտրություն անեն հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատական Հիլարի Քլինթոնի միջև, ապա պրագմատիկ ընտրությունը Քլինթոնն է: «Ամերիկահայերը հասկանում են, որ նա միակ թեկնածուն է, որն աշխատանքային մեծ փորձ ունի հայ համայնքի հետ և, ի տարբերություն մրցակիցների, հասկանում է ղարաբաղյան հակամարտության նրբությունները», - գրում է Forbes.ru-ն:
Այդուհանդերձ, հեղինակը հիշեցնում է նաև, որ ամերիկահայ քաղաքական գործիչները՝ Քալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դյուքմեջյանը, կոնգրեսականներ Սթիվ Դերունյանը եւ Չարլզ Փաշայանը, Հանրապետական կուսակցության անդամներ են եղել: «Սակայն Հանրապետական կուսակցության ներկայիս թեկնածուները ոչ մի շփում չեն ունենում հայամետ խմբերի հետ, ինչը Հիլարի Քլինթոնին առաջատար է դարձնում», - գրում է հեղինակը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատական Հիլարի Քլինթոնը կուսակցական համագումարներում առաջադրվելու դեպքում նոյեմբերին կպայքարեն Սպիտակ տան 45-րդ առաջնորդի պաշտոնի համար:
Ընտրություններում հաղթելու համար կարեւոր դեր խաղացող գործոններից մեկը կլինի էթնիկ լոբբիստական տարրը: Թեկնածուները կձգտեն ստանալ խոշոր էթնիկ համայնքների աջակցությունը: Այս ճակատում հիմնական պայքարը կծավալվի իռլանդական, հրեական եւ հայկական սփյուռքի համար: