24/05/2016 12:40
Հրայր Թովմասյան. Պետք է արդյունավետ լուծումներ գտնել, որը պետք է մեր երկրին, ոչ թե՝ ընդդիմությանը կամ իշխանությանը
Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակում ընդդիմության առաջարկների 50 տոկոսն ընդունվել է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակզմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
«Դուք մի բան եք ասում, որն այդպես չէ ու դրա հիմքում հարց եք տալիս: Դուք ասում եք, որ ընդդիմության առաջարկները չընդունվեցին, մենք էլ ասում ենք, որ ընդունվեցին: Դուք կարող եք ասել, թե ընդդիմության առաջարկների 50 տոկոսը չընդունվեց, ես ասում եմ՝ 50 տոկոսն էլ ընդունվեց: Ընդդիմությունը պնդում է, թե 50 տոկոսը չընդունվեց, մենք էլ ասում ենք, թե 50 տոկոսն էլ ընդունվեց»,- ասաց Ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Դիտարկմանը, թե ընտրվել են ընդդիմության առաջարկների միջանկյալ տարբերակներ, առաջարկներից որևէ մեկն ամբողջությամբ չի ընդունվել, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Դուք ուզում եք, որ փոքրամասնությունը որոշի ամեն ի՞նչ... եթե իրենց բոլոր ասածներն ընդունվեն, նշանակում է, որ իրենք են որոշում, չէ՞: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ես ցանկանում եմ 100-ը, թեպետ ինձ կգոհացնի, երբ 50-ն էլ ընդունվի»:
Հ. Թովմասյանի խոսքով՝ ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունները միշտ էլ պետք է շարունակվեն:
«Բայց չենք կարող այս հարցում անվերջ լինել: Կարող ենք երկար քննարկել, արդյունավետ լուծումներ գտնել, որը պետք է մեր երկրին, ոչ թե՝ ընդդիմությանը կամ իշխանությանը: Մթնոլորտը, որը կա քննարկումների առումով, աննախադեպ է: Ես չեմ հիշում մի դեպք, որ այսքան հարցեր ընդունվեն, որ մասնակցության նման լայն շրջանակ լինի»,- ասաց նա: