24/05/2016 13:25
Հրայր Թովմասյան. Խորհրդարանը շահագործում է 69 ծառայողական մեքենա
Այս պահի դրությամբ Ազգային Ժողովում շահագործվում է ընդամենը 69 ծառայողական մեքենա, 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
«Ընդհանուր ունենք ծառայողական 78 ավտոմեքենա, ևս մի քանիսը կկրճատվեն: Ծառայողական մեքենաներից օգտվում են հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, ԱԺ նախագահն ունի սպասարկող մեքենաներ, անվտանգության աշխատակիցների մեքենաներ, ծառայողական մեքենաներից օգտվում են ԱԺ նախագահի տեղակալները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը, ԱԺ վարչության պետերը: Կան նաև հյուրերին սպասարկող մեքենաներ և հերթապահ մեքենաներ», - մանրամասնեց Հ.Թովմասյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ո՞ր պաշտոնյաներն են այսուհետ տրանսպորտից օգտվելու:
Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց նաև, որ եթե չօգտագործվող մեքենաներ են կրճատվել, ապա ինչու՞ էին մինչ այդ գումար հատկացվում այդ մեքենաների համար: Ի պատասխան ԱԺ աշատակազմի ղեկավարը կրկնեց, որ այս պահի դրությամբ շահագործվում է 69 ծառայողական մեքենա և բալանսում կա 11 մեքենա:
«Նախկինում գումար էր հատկացվում այդ չօգտագործվող մեքենաների տեխզննման և ապահովագրության վրա, և հիմա հենց այդ գումարներն են կրճատվել», - ասաց Հրայր Թովմասյանը: