24/05/2016 18:20
Հրանուշ Հակոբյան. Հայության գլխավոր խնդիրը Արցախի ճանաչումն է
Հայության գլխավոր խնդիրը Արցախի ճանաչումն է, հայտարարել է Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպման ընթացքում, փոխանցում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Այսօր մեր գլխավոր խնդիրը Արցախի ճանաչումն է: Դուք պետք է ձեր երկրներում աշխատեք ճանաչելի դարձնել Արցախը, բացատրեք, որ այն հայկական հող է, և ժամանակին Ստալինի կողմից սկզբունքորեն անօրինական որոշում է կայացվել: Արցախը մեր գոյության և լինելիության հիմքն է», - ասել է նախարարը:
Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանն արժևորել է անցնող մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նա մասննավորապես ասել է. «Անցյալ տարի, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր հանդիպման մեջ և՛ ցավ կար, և՛ հպարտություն: Ցավոք, այսօր էլ հանդիպում ենք ցավի և հպարտության զգացումով: Ցավի՝ ապրիլյան ագրեսիայի հետևանքով մեր զոհերի համար, և հպարտության, որ մեր հայկական բանակը կարողացավ կանգնեցնել թշնամու հարձակումը և հետ մղել նրան մեր սահմաններից: Այս օրերին մեր ժողովուրդը համախմբվել է ու դարձել միասնական: Աշխարհի բոլոր անկյուններից հայերն իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին, կազմակերպվեցին ցույցեր, բարեգործական ակցիաներ, բացվեցին հիմնադրամներ»:
Նշվում է, որ հանդիպմանը Արցախի քառօրյա պատերազմից առ այսօր Սփյուռքում տեղի ունեցած ակցիաներն ու իրականացված աջակցությունը ներկայացվել է տեսաշարով:
Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրների մասին՝ նախարարը նշել է չորս հիմնախնդիր՝ Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և պահանջատիրություն, Արցախի հիմնախնդիր, Հայաստանի հզորացում և պայքար ընդդեմ Սփյուռքի ուծացման:
Նշվում է, որ սիրահայայության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի իրականացրած աշխատանքների մասին զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: