24/05/2016 14:50
Մելիտա Հակոբյան. «Դեղերի մասին» օրենքի ընդունված նախագծում մոնոպոլիայի վտանգ կա
Ազգային ժողովի կողմից ընդունված «Դեղերի մասին» օրենքի նախագիծում մենաշնորհային վտանգ կա, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Երբ պետության նախագահը, վարչապետը պայքարում են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ՝ այստեղ ի սկզբանե մոնոպոլիայի տեղ կա»,- նշեց Սպառողների ասոցիացիայի նախագահը:
Նա ընդգծեց՝ օրենքի նախագծում նշված է, որ դրա վերաբերյալ քննարկումներին պետք է սպառողների միությունները մասնակցեին:
«Ես, որպես սպառողական կազմակերպության նախագահ, վստահեցնում եմ՝ քննարկումների մեզ չեն հրավիրել, չեն մասնակցել նաև մյուս սպառողական հասարակական կազմակերպությունները»,- ասաց Մելիտա Հակոբյանը:
Ավելի վաղ՝ օրենքի նախագծի վերաբերյալ քվեարկությունից հետո, դրա վտանգների մասին ահազանգել էին նաև մի խումբ պատգամավորներ:
Մասնավորապես Հրան Բագրատյանը նշել էր, որ օրենքի վրա իրենք բավականին աշխատել են, բայց, այնուամենայնիվ, դրանում մնացել են կոռուպցիոն ռիսկեր: