24/05/2016 16:16
Վալերի Սիմեոնով. Մենք ճշմարտության մարտիկներ ենք Ցեղասպանության ճանաչման հարցում
Բուլղարիան Հայաստանի կողմից մշտապես ընկալվել է որպես ավանդական եղբայրական երկիր, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Բուլղարիայի Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, հայերի զանգվածային ոչնչացումը ճանաչող հայտարարագրի ընդունման եւ ապրիլի 24-ը զոհերի հիշատակման օր սահմանելը Բուլղարիայի կողմից լրջագույն քայլ էր` աշխարհին ևս մեկ անգամ ասելու, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկկողմ կապերի զարգացման հարցում գործուն նշանակություն ունի խորհրդարանական Հայաստան-Բուլղարիա բարեկամական խումբը:
Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Սիմեոնովը նշել է, որ Հայաստանը Բուլղարիայի համար բարեկամ երկիր է:
Նա նշել է, որ քաջատեղյակ է հայոց պատմությանը եւ հավելել, որ Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է ճանաչվեն:
«Մենք ճշմարտության մարտիկներ ենք Ցեղասպանության ճանաչման հարցում», - ասել է Վ.Սիմեոնովը:
Նա ընդգծել է, որ անկախ թուրքական կողմի սպառնալիքներից, ինքը եւ իր կուսակիցները մշտապես շարունակել են իրենց արդար պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրության համաձայն՝ հայանպաստ ծավալուն գործունեության և միջխորհրդարանական կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Բուլղարիայի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վալերի Սիմեոնովը պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով: