24/05/2016 19:54
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2015 թ-ին 10 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծել Արագածոտնի մարզում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում, 2015 թ-ին 10 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել միայն Արագածոտնի մարզի Մելիք, Ուջան, Կաքավաձոր, Շղարշիկ, Գետափ համայնքներում: Ընթացիկ տարում այս մարզից ևս 4 ընտանիք է ընդգրկվել ծրագրում: Դրանցից 2-ը՝ Ավան համայնքում:
Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն Ավան համայնքում մասնակցել են Սարգսյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը: Կամավորներն ընտանիքին օգնել են ծածկի բետոնացման աշխատանքները կատարելու հարցում:
«Դժվարությունը, խնդիրները ստիպում են ամրանալ և պայքարել՝ հաջողության հասնելու համար: Սա կյանքի փորձով ապացուցված ճշմարտություն է: Բայց երբ այդ խնդիրները դառնում են տևական՝ թուլանում է նպատակին հասնելու կամքը: Նման դեպքերում՝ ցանկացած աջակցություն կարևոր ու անգնահատելի է դառնում: Բնակարանաշինության ծրագրով մենք այդ աջակցող ձեռքի դերն ենք ստանձնում: Պիտի ասեմ, որ այս ծրագրի շնորհիվ իրականացվում է ոչ պակաս կարևոր ևս մեկ առաքելություն. Կամավորության գաղափարի շուրջ համախմբվելու ձգտումը: Արդյունքում երջանկության զգացում է ապրում և՛ ամուր տանիքի տակ հայտնված ընտանիքը, և՛ նրան այդ հնարավորությունն ընձեռող կողմը: Ուրախ եմ այս համագործակցության և աշխատակիցների պատրաստակամության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հինգերորդ տարին է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվում է բնակարանաշինության ծրագիրը, որի արդյունքում հարյուրից ավելի ընտանիքների համար լուծվել է բնակարանի խնդիրը: Իհարկե, ծրագրի հիմնական շեշտը դրված է սահմանամերձ գյուղերի վրա, սակայն աշխատում ենք աչքաթող չանել այսպիսի ծանր պայմաններում ապրողներին ևս: Այս ընտանիքը մեկն է երջանիկ այն 41-ից, որն անցյալում է թողնելու տնազրկության ծանր հոգսը»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2016 թ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար հատկացրել է գրեթե 105 մլն. ՀՀ դրամ (2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ):
2007 թ-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, մինչև տարեվերջ, աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի: