24/05/2016 17:00
Տարոն Մարգարյանը հանձնարարել է աջակցել քամուց տուժած սոցիալապես անապահով քաղաքացիներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ուժեղ քամու հասցրած վնասներն ու համապատասխան քայլեր կձեռնարկի դրանց վերացման ուղղությամբ, տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
«Ակնհայտ է, որ պատճառված վնասը բավականին շոշափելի է և քաղաքային ենթակառուցվաքներում արձանագրված վնասները վերացնելուն զուգահեռ, անհրաժեշտություն կա հնարավորին աջակցություն ցուցաբերել նաև մեր հատկապես այն համաքաղաքացիներին, ովքեր սոցիալական պայմաններից ելնելով ինքնուրույն չեն կարողանա վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները», - ասել է Երևանի քաղաքապետը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վնասվել է թվով 106 շենք-շինությունների տանիք, արտաքին լուսավորության ցանցում գրանցվել է 63 վթար, այդ թվում ինչպես սյուների շրջվելու, այնպես էլ լուսատուների կոտրման և մալուխների վնասման:
Արձանագրվել են նաև տասնյակ ծառերի, գովազդային վահանակների, ճանապարհային երթևեկության կարգավորիչ լուսացույցերի և ճանապարհային ուղեցույց-վահանակների տապալման դեպքեր: