24/05/2016 12:33
Քրեական գործով կալանավորվածների և ձերբակալվածների շարքում կան Գագիկ Բեգլարյանի անվտանգության աշխատակիցներ. Դատախազություն
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով, Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:
«Հարուցվել է քրեական գործ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասով: Վեց մարդ կալանավորված և ձեռրբակալված է: Նրանց թվում են տրանսպորտի և կապի նախարարի անվտանգության աշխատակիցներ», - ասաց Aysor.am-ի զրուցակիցը:
Նա դժվարացավ մանրամասնել, թե գործով ներգրավվածներից քանիսն են կալանավորված և քանիսը՝ ձեռրբակալված:
Նշենք, որ քրեական գործը քննվում է Հայաստանի Քննչական կոմիտեում:
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ գործարար Սերգեյ Աբովյանին ծեծի ենթարկելու գործով որպես մեղադրյալ ներգրավվել է հինգ մարդ:
Նրա խոսքով, քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները:
«Նրանցից չորսը կալանավորվել են», - ասաց Aysor.am-ի զրուցակիցը:
ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: