25/05/2016 17:20
Գառնիի ջրառի ծրագիրը կիրականացվի այլընտրանքային ճանապարհով. Հարությունյան
Գառնիի ծրագիրը սկսվել է 2013 թվականին, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն անցել է և ստացել համապատասխան շինթույլտվություն աշխատանքներ իրականցնելու համար, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախարար Արամ Հարությունյանը:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք հանձնարարական բանակցելու Համաշխարհային բանկի հետ՝ այլընտրանքային լուծումներ գտնելու համար: Ծրագրի այն մասերը, որոնք մինչ այսօր կատարվել են, անտեղի չեն կորելու: Այս պահին մենք ունենք հանձնարարական, միգուցե ջրառի տեղը փոխելու և այլընտրանքային քննարկումներ անցկացնելու», - ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե Գառնու ջրառի կառուցումը դադարեցնելուց հետո ինչպե՞ս են օգտագործվելու Համաշխարհային բանկից վերցված գումարները:
Ինչ վերաբերում է օպտիմալացումներ կատարելու վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը հավաստիացրեց, թե իրենք ընդունել են հանձնարարականը և այս պահին ավտոմեքենաների կրճատման գործընթացն ընթացքի մեջ է: