25/05/2016 14:37
Դեպի Հայաստան թուրքական ապրանքների ներկրման տեմպերը թուլացնելու համար կկիրառվեն որակի վերահսկման մեխանիզմներ
Դեպի Հայաստան թուրքական ապրանքների ներկրման տեմպերը թուլացնելու համար Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հսկողության մեխանիզմներ է կիրառելու որակի պահանջի մասով, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչ փուլում են Թուրքիայից Հայաստան որոշ ապրանքների ներմուծումը արգելելուն ուղղված ուսումնասիրությունները:
Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ իր գլխավորած նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը:
«Այս պահին ունեցած ուսումնասիրության արդյունքով կարող ենք ասել, որ շեշտադրումը անելու ենք ներկրվող ապրանքի անվտանգության վրա: Արդեն իսկ նախանշել ենք այն ապրանքատեսակները, որոնց մուտքը Հայաստան առավել խիստ է վերահսկվելու: Դրանք են, օրինակ՝ Թուրքիայից ներկրվող սննդամթերքը, հիգենիկ պարագաները, լվացքի պարագաները», - հայտնեց Ա.Եգանյանը:
Այդուհանդերձ, նա նկատեց, որ Թուրքիայից ներկրվող ապրանքների մասով անհրաժեշտ են շատ խորը ուսւոմնասիրություններ, քանի որ կտրուկ սահմանափակումներ կիրառելու դեպքում, հնարավոր է վատ արդյունքներ ի հայտ գան:
«Ուսումնասիրությունների գործընթացը բաժանել ենք մի քանի գործոնների: Առաջինը տնտեսական գործոնն է: Մի շարք արտադրող ընկերությյուններ հիմնականում արտադրություն են իրականացնում ներկրված հումքով եւ ինչ-որ մի շուկայից այդ հումքի ներկրումը սահմանափակելը կարող է բերել այդ ընկերությունների գործունեության դադարեցմանը: Երկրորդ՝ ունենք քաղաքացիներ, որոնք զբաղվում են Թուրքիայից հագուստեղենի ներկրմամբ եւ իրացմամբ: Կտրուկ սահմանափակումը կբերի որոշակի սոցիալական խնդիրների առաջացման: Հաջորդ գործոնը՝ մրցակցության խաթարումն է եւ սպառողների շահերի խախտումը», - ասաց Արմեն Եգանյանը:
Վերջինս նշեց, որ իրենց կողմից իրականացվող ուսումնասիրության խնդիրը կայանում է նրանում, որ տեսնեն, թե ներմուծվող ապրանքները ինչպես հնարավոր կլինի փոխարինել տեղական ապրանքներով:
«Այս մասով սակայն դեռ շուտ է ինչ-որ բան ասել: Ուսումնասիրությունները դեռ ընթանում են», - ասաց Ա.Եգանյանը՝ դժվարանով նշել, թե երբ հստակ պատկեր կներկայացնեն:
Նա տեղեկացրեց, որ Թուրքիայից Հայաստան է ներմուծվում շուրջ 850 անուն ապրանք՝ ըստ տնտեսական գործունեության քառանիշ դասակարգման:
«2015թ. տվյալներով` Թուրքիայից ներմուծումը Հայաստան մաքսային արժեքով կազմել է շուրջ $136 մլն` 2014թ. $232 մլն-ի դիմաց: Այսինքն` մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներմուծումն այս երկրից կրճատվել է 40-50%-ով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր ներմուծումը կրճատվել է 26-27%-ով: Ստացվում է, որ թուրքական ապրանքների որոշակի փոխարինում շուկայում արդեն իսկ տեղի է ունեցել», - ասաց Ա.Եգանյանը:
Նա նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ շուկայում հայտնվել են մի շարք բրենդային ընկերություններ, որոնք բերում են ավելի թանկ եւ որակով ապրաքատեսականի: