25/05/2016 14:43
Բաքվում հույս ունեն, որ Բունդեսթագը չի ընդունի Հայոց Ցեղասպանության բանաձևը
Ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան հույս է հայտնել, որ գերմանացի խորհրդարանականները «ողջամտություն» կդրսևորեն Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ:
«Ցավում եմ, որ Բունդեսթագը քննարկելու է այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ և որ պատմական հիմք չունեցող նման նախագծերն ավելի հաճախ են սկսել ընդգրկվել տարբեր երկրների խորհրդարանների օրակարդում», - լրագրողների հետ զրույցում ասել է Բ.Մուրադովան:
Ավելի վաղ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահը Երևանում հայտարարել էր, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևում առաջին հերթին կդատապարտվի Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և հայ քրստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կատարված տեղահանումները, բռնություններն ու ջարդերը: