25/05/2016 12:02
ԵԱՏՄ-Չինաստան համագործակցությունը եւ Հայաստանի շահը
Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն արժանահիշատակ էր նախևառաջ ԵԱՏՄ-Չինաստան փոխգործակցության հարցի քննարկմամբ: Այն, որ այս հարցը հայտնվել է ԵԱՏՄ կառույցի օրակարգում, խոսում է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև համագործակցության խորացման արդեն առկա փոխադարձ հետաքրքրության մասին:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում կարևորել է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով:
Ըստ Հայաստանի վարչապետի, այդ ուղղությունները կարող են անցնել ԵՏՄ պետությունների, այդ թվում Հայաստանի տարածքով, միաժամանակ անցնելով նաև Հնդկաստանով և Իրանով: Հայաստանի դիրքն այս առումով կարևոր է, քանի որ ԵՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ եւ պատրաստ է իրականացնել այդ նախագիծը:
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական համագործակցությունը կարող է օգտակար լինել այս երկու պետությունների հետ սերտ առևտրատնտեսական հարաբերություններ ունեցող երկրների, մասնավորապես Հայաստանի համար: Բավական է հիշատակել Հայաստանի արտաքին առևտրի ծավալները վերոնշյալ երկրների հետ և փաստը, որ նրանք Հայաստանի առաջին երկու խոշոր առևտրատնտեսական գործընկերներն են:
Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առևտուրը Ռուսաստանի հետ կազմել է ամբողջ արտաքին առևտրի ծավալների 24,7 տոկոսը կամ գումարային առումով՝ 246 մլն դոլար, Չինաստանի հետ՝ 9,4 տոկոսը կամ 93 մլն դոլար: Ընդ որում, թե ներմուծման, թե հատկապես արտահանման առումով այս երկու երկրների կարևորությունը Հայաստանի համար դժվար է չտեսնել:
Ինչ վերաբերվում է մյուս կարեւոր գործոնին, որի մասին խոսել էր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տարանցիկ ուղիներին և Հայաստանի մասնակցությանը, ապա այն նույնպես բավականին իրատեսական է:
Չինաստանից Հնդկաստանի տարածքով մինչև Իրան ապրանքների փոխադրումը քաղաքական ոչ մի խոչընդոտ չունի և առկա են շահավետ տրանսպորտային ուղիներ և նոր ուղիների տարբերակներ: Դրանից մեկի մասին հենց այս օրերին հայտարարեցին Հնդկաստանի վարչապետն ու Իրանի նախագահը՝ իրանական Չաբահար նավահանգստի ներդրումային ծրագրի պայմանագրի ստորագրումից հետո: Այսինքն, Արևելքն Արևմուտքին կապող տարբերակների բազմազանությունից Հայաստանը կարող է և պետք է օգտվի: ԵՏՄ-Չինաստանը նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի: ԱՄՆ-ն ձգտում է ստեղծել այս տարածաշրջանում ստեղծել ազատ առևտրի գոտի՝ ուղղված Չինաստանի դեմ: Սրան զուգահեռ ԱՄՆ-ն ձգտում է եվրոպական շուկան գրավել տրանսատլանտյան ազատ գոտի ստեղծելու միջոցով:
Չինաստանի ձգտումը խորացնել համագործակցությունը ԵՏՄ-ի հետ այս քայլերի պատասխաններից մեկն է, որը համապատասխանում է նաև Ռուսաստանի շահերին: Մյուս կողմից՝ ԵՏՄ-Չինաստան ազատ առեւտրի գոտին եթե ստեղծվի, այն բավականին գրավիչ կարող է լինել նաև Եվրամիության համար: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները, միանշանակ է, որ ԵՏՄ-Չինաստան համագործակցության խորացման քաղաքական որոշումն ընդունված է և Հայաստանը լավ հնարավորություններ ունի առավելագույնս շահած դուրս գալ այդ համագործակցությունից: