25/05/2016 17:33
Երևանի փողոցներից մեկը կստանա եզդիների հերոս Ջահանգիր աղայի անունը
Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով, տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Սարդարապատի ճակատամարտի 98-ամյակին ընդառաջ Երևանի ավագանին մայիսի 25-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ անվանակոչելու որոշման նախագծին:
Եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան իր զինվորների օգնությամբ Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ Իսկ 1918 թվականին նա իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին:
Ջահանգիր աղան իր ջոկատով պայքարը շարունակել է նաև Հայկական բանակի կազմում՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարության տակ: