25/05/2016 11:01
Հնդկական ընկերությունները Հայաստանում տրակտորներ կհավաքեն
Հնդկական «NEL group» և «YNG group» ընկերությունները Հայաստան հնդկական գյուղտեխնիկա, մասնավորապես տրակտորներ են ներկրելու: Այդ հնարավորությունը քննարկել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու հնդկական ընկերությունների տնօրեն Յաշոդա Նանդ Գուպտայի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք շատ ենք կարևորում Հնդկաստանի հետ գյուղատնտեսության ոլորտում հարաբերությունների ընդլայնումը, քանի որ ունենալով մեծ շուկա` այն լայն հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության և Հնդկաստանում հայկական արտադրանքի ներկայացման համար», - նշել է Սերգո Կարապետյանը:
Դրական գնահատելով դեպի Հայաստան հնդկական տրակտորների ներկրման հնարավորությունը` նախարարը միաժամանակ ընդգծել է հայ գյուղատնտեսների համար գյուղտեխնիկայի գների մատչելիության և բարձր որակի ապահովման կարևորությունը: Որպես հնարավոր տարբերակ` հնդկական կողմն առաջարկել է հանրապետություն ներկրել տրակտորների համապատասխան ագրեգատները` տեղում հավաքումը կազմակերպելու նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը, որի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք հայկական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ս.Կարապետյանը առաջարկել է կազմակերպել գինեգործական ցուցահանդեսներ` երկու երկրների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: