25/05/2016 09:32
Հրապարակի շատրվանների ավազան մտնելը վտանգավոր է. ձեզ կարող են «հոգեկանի» տեղ դնել. «Առավոտ»
«Առավոտ»-ում կարդում ենք.
«Հանրապետության հրապարակի շատրվանների դատարկ ջրավազանում բողոքի ակցիաները ոստիկանների կողմից ընկալվում են ոչ նորմալ. արդեն 2-րդ դեպքն է, երբ ավազանում ակցիա անողին ոստիկանները որակում են որպես հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող:
Երեկ էլ չգործող շատրվանների ավազանում խաղաղ բողոքի ակցիա անող ակտիվիստ Աննա Շահնազարյանին, որը հայտնի է որպես «Թեղուտի պաշտպանություն» նախաձեռնության անդամ, ոստիկանները փորձում էին հոգեբուժարան ուղարկել: Կինն ընդդիմանում էր, սակայն ոստիկանները նրան բաց չէին թողնում՝ մինչև «վերևից» հեռախոսազանգով ազատ թողնելու հրահանգ չստացան:
Մինչ այդ ոստիկանները կնոջ հետ շատ «գլուխ չդրեցին» և երկար չբանակցեցին՝ հասկանալու համար, թե ինչու է քաղաքացին լուռ նստել ավազանում, ոստիկանները գերադասեցին ուժով, ստիպողաբար կնոջը դուրս հանել դատարկ ջրավազանից: Թե ի՞նչ նպատակով էր ակցիան՝ Շահնազարյանը չմանրամասնեց:
Մնում է ենթադրել, որ այս ակցիան ի պաշտպանություն մեկ շաբաթ առաջ այս նույն վայրում և նույն մեթոդով ակցիա անող քաղաքագետ և միջազգային իրավաբան, ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինե Առաքելյանի էր, որին ոստիկաններն ուղարկել էին հոգեբուժարան»: