25/05/2016 09:15
Ուսման վարձերը թանկացել են. «Հրապարակ»
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2016-2017 ուսումնական տարվա ցանկն ուսումնասիրելիս «Հրապարակ»-ը պարզել է, որ բավականին բարձրացել են ուսման վարձերը:
ԵՊՀ «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» բաժիններում սովորելը նախկին 400 հազարի փոխարեն դարձել է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան թանկացել է 50 հազար դրամով՝ 550 հազարից դառնալով 600 հազար դրամ, «Հանրային կառավարում» և «Կառավարում» մասնագիտությունները՝ 600 հազար դրամի փոխարեն 650 հազար: Ամենաշատը թանկացել է «Իրավագիտություն» բաժինը՝ միանգամից 70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար:
Ըստ թերթի, կան նաև մասնագիտություններ, որոնցում սովորելն էժանացել է: Օրինակ՝ Ճարտարագիտական համալսարանի «Դիզայն» բաժնում այժմ հնարավոր է սովորել 504 հազար դրամով՝ նախկին 510 հազար դրամի փոխարեն, իսկ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում «Ինֆորմատիկա» առարկան ուսումնասիրելը 50 հազար դրամով էժանացել է: