25/05/2016 13:54
Գիտպետկոմի նախագահ. Հայաստանը եզակի երկրներից է, որ արտադրում է բարձր որակի անօդաչուներ
Պնդումները, թե Հայաստանում զենքի արտադրություն չկա և չի եղել, անհեթեթ են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
«Ռազմական արդյունաբերություն Հայաստանը միշտ էլ ունեցել է: Մեր երկրում միշտ էլ եղել է զենքի արտադրություն, հետխորհրդային շրջանում, ղարաբաղյան պատերազմից հետո մենք ունեցել ենք ձեռնարկություններ, որոնք արտադրել են զենք-զինամթերք», - ասաց Սամվել Հարությունյանը:
Ըստ նրա, խնդիրն այն է, որ ռազմական արդյւնաբերության ոլորտը չի ունեցել պետական կառավարման կառույց: «Չկար նման կառույց, որպեսզի այդ աշխատանքները համակարգվեին: Հիմա խնդիրը լուծված է, քանի որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության որոշմամբ ստեղծվել է ռազմական արդյունաբերության կոմիտե և շուտով կունենանք կոմիտեի նախագահ», - ասաց Գիտպետկոմի ղեկավարը:
Անդրադառնալով անօդաչուների արտադրությանը՝ Սամվել Հարությունյանը նշեց, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որի արտադրած անօդաչուները բավականին որակյալ են:
«Անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ արվում են, արվել են նաև մինչ ապրիլյան դեպքերը: Հայաստանն այն եզակի երկրներից է, որն արտադրում է անօդաչու թռչող սարքեր, որոնք բավականին բարձր որակի են: Հույս ունեմ, որ որակն էլ ավելի կբարձրանա: Այնպես որ, մեզ մի նայեք որպես երկրի, որին բոլոր գալու են հոշոտեն», - ամփոփեց Սամվել Հարությունյանը: