25/05/2016 12:27
Տիգրան Բալայան. Առաջին անգամ մի քանի տարիների կտրվածքով կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի արձանագրվել
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի արձանագրվել, գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Նման բան առաջին անգամ է [դիտարկվում] վերջին մի քանի տարիների կտրվածքով, երբ ԼՂՀ ՊԲ 1994-95թթ հրադադարի պայմանագրերի խախտումներ չի արձանագրում գիշերվա ընթացքում», - նշել է նա:
For 1st time in many years, @Karabakh_MoD reports no violations of 1994-1995 ceasefire agreements during the night. https://t.co/Suz14r5S36
— Tigran Balayan (@tbalayan) May 25, 2016
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ում հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Արցախը «պատրաստ է ընդունել մոնիթորինգի հատուկ առաքելություն բոլոր փաստերը տեղում ուսումնասիրելու եւ Ադրբեջանի կողմից 2016թ ապրիլի 2-5-ը սանձազերծված ագրեսիայի հանգամանքները, ինչպես նաեւ նույն ժամանակահատվածում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու նպատակով»:
#Արցախ|ի ԱԳՆ հայտարարությունը #Ադրբեջան|ի կեղծիքների վերաբերյալ տարածվել է #ՄԱԿ-ի Գլխ.Ասամբելայում և Անվտ. Խորհրդում pic.twitter.com/3YRnuV4reO
— MFA of Armenia (@MFAofArmenia) May 25, 2016
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված աննախադեպ ռազմական ագրեսիան, որը սկսվել էր ս.թ. ապրիլի 2-ին, ավարտվել էր չորս օր անց, ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպմանը ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունքում:
Ապրիլի 5-ի ժամը 12:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները կողմերի միջեւ համաձայնությամբ դադարեցվել էին, սակայն ԼՂՀ ՊՆ գրեթե ամեն օր հայտարարում է Ադրբեջանի կողմից խախտումների մասին:
Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել նախագիծը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել եւ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ:
Ի տարբերություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը բազմիցս մերժել է այս առաջարկները