25/05/2016 14:11
Երևանը կաջակցի հայ-ավստրալիական կապերի ամրապնդմանն ուղղված նոր դեսպանի գործունեությանը
Հայաստանի պետական ատյանները համակողմանի աջակցություն կցուցաբերեն հայ-ավստրալիական կապերի ամրապնդմանն ուղղված նոր դեսպանի գործունեությանը, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Թեշի հետ հանդիպման ժամանակ:
Մինչ այդ, դեսպանը, ում նստավայրը Մոսկվայում է, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին:
Հայ-ավստրալիական հարաբերություններին նոր որակ և բովանդակություն հաղորդելու նպատակով երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը, տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Դեսպան Փիթեր Թեշը դրվատանքով է խոսել Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում լավագույնս ինտեգրվել են հասարակական-քաղաքական կյանքում և իրենց նպաստն են բերում տարբեր ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ նպաստելով հայ-ավստրալիական բարեկամության ամրապնդմանը: