26/05/2016 15:20
Նախորդ տարում ԱԳՆ-ն բյուջետային հատկացումներից բացի միջոցներ է ծախսել պահուստային ֆոնդից
Բացի բյուջետային հատկացումներից Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը տրամադրվել են լրացուցիչ միջոցներ կառավարության պահուստային ֆոնդից, 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվության ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Ընդհանուր առմամբ ԱԳՆ-ին հատկացվել է 13 մլրդ 294 մլն դրամ և բյուջեն կատարվել է 99,8 տոկոսով: Ծախսերի մեջ տեսակարար կշիռ է ունեցել դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանումը, որտեղ շուրջ 9 մլրդ 390 մլն դրամ է օգտագործվել ՝ ապահովելով ծրագրով նախատեսված ցուցանիշի 100 տոկոս կատարողական: Միջազգային կազմակերպությունների անդամակցության նպատակով նախատեսված է եղել օգտագործել 1 մլրդ 821 մլն դրամ, որը նույնպես օգտագործվել է», - ասաց նա:
Գլխավոր գանձապետի խոսքով՝ նախարարութան աշխատակազմի համար նախատեսված միջոցները նույնպես օգտագործվել են 98.4 տոկոսով: Կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվել էր 175,6 մլն դրամ, որն օգտագործվել 99,9 տոկոսով:
Ինչ վերաբերում է պետական արարողակարգերի համար նախատեսված միջոցներին՝ ապա ըստ Ա. Ջանջուղազյանի՝ բյուջեից ծախսվել է 191 մլն դրամ: