26/05/2016 15:18
Արտեմ Ասատրյան. Առաջիկայում նախարարությունում հաստիքայի կրճատումներ չեն սպասվում
Առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաստիքայի կրճատումներ չեն սպասվում, ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:
«Հաստիիքային կրճատման խնդիր դրված չէ. դա ինքնանպատակ չէ: Խնդիրը վերաբերում է այսօրվա գործառույթներին, այսինքն, եթե կան ծախսեր, ապա դրանց ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն և առաջիկա ամիսներին կոնկրետ քայլեր կլինեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Ա. Ասատրյանի համոզմամբ՝ վարչապետի հանձնարարականը չի կարող սոցիալական խնդիր առաջացնել:
«Խոսքը վերաբերում է այն ծախսերի կրճատումներին, որոնք վատնվում են հիմնականում աննպատակ»,-ասաց նա:
Նախարարը դժվարացավ հայտնել, թե այս պահին իր կողմից ղեկավարած կառույցը ինչ ծախսերից է հրաժարվելու:
«Չեմ կարող հստակ ասել, թե որքան գումար կտնտեսենք և ինչին կուղղվեն այդ գումարները, քանի որ դեռ կոնկրետ գործողություններ չկան»- ասաց նա:
Անդրադառնալով ծառայողական մեքենաների կրճատմանը՝ նախարարը նշեց, որ պետական և ոչ առևտրային կազմակերպություններում կա 145 մեքենա, որոնցից 41-ը նախատեսվում է կրճատել: