26/05/2016 10:29
ԱԳ նախարար. ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը հասել է հերթական կարևոր հանգրվանին
Եվրոպական միության հետ հարաբերություններում Հայաստանը հասել է հերթական պատասխանատու և կարևոր հանգրվանին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել», - ասել է Նալբանդյանը:։
Անդրդադառնալով Եվրոպական միության հետ հարաբերություններին՝ նա նշել է այն կարևոր աջակցությունը, որ տարիներ շարունակ ցուցաբերվել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ինստիտուցիոնալ զարգացմանը:
«Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք մշտապես զգացել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը: Համոզված ենք, որ նոր համապարփակ համագործակցության համաձայնագրի մշակման գործընթացում ԵԺԿ-ն կշարունակի գտնվել մեր կողքին», - ասել է արտգործնախարարը:
Նալբանդյանը գնահատելի է համարում Եվրոպական ժողովրդական կուսակցության դիրքորոշումը խորհրդարանական ձևաչափերում Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ:
«Այս առումով կառանձնացնեի Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևերի ընդունումը: Արժանահիշատակ է նաև Եվրոպական խորհրդարանի՝ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը և նպաստել այդ հանցագործության ճանաչմանը», - իր ելույթում ասել է Էդվարդ Նալբանդյանը: