26/05/2016 22:05
Հանրապետական կուսակցությունը հայտարարում է Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիայի մասին
Նույնսիկ ամենախիստ քննադատները կասեն, որ 102 ձայնը ոչ միայն բավարար է կոնսլիդացիայի համար, այլև՝ գերբավարար, ՀՀԿ Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԸՕ քվեարկությանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց ԸՕ նոր նախագիծը:
«102 ձայների մեծամասնությունը լայն կոնսոլիդացիայի մասին է խոսում, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե մենք մեր բանակցությունները չենք շարունակելու մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որպեսզի ավելի լայն կոնսոլիդացիա լինի», - ասաց նա՝ չբացառելով նաև ԸՕ-ում հետագա այլ փոփոխությունները:
Շարմազանովը նկատեց նաև, որ բացի ՕԵԿ-ից՝ ԱԺ բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ «Ժառանգություն» խմբակցությունը մասնակցել են քվեարկությանը:
«Կողմ քվեարկեցին ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ-ից՝ երեքը չեն քվեարկել, մնացածը կողմ են արտահայտվել, «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբեն Հակոբյանը կողմ են քվեարկել, և այսպես շարունակ: Եթե դահլիճում ներկա 117 պատգամավորներից 102 կողմ են արտահայտվել, ապա սա ինչ է, եթե ոչ լայն կոնսոլիդացիա», - ընդգծեց նա: