26/05/2016 18:57
Փոխնախարար. Այս պահին խոսել բանակցային գործընթացի ինչ-որ զարգացումներից ու բովանդակային հարցերից տեղին չէ
Միջազգային պայմանագրերի պրակտիկայում, համաձայն միջազգային բանակցային ավանդույթի, պայմանագրերի գործընթացն ապահովելու համար բոլոր կողմերը որոշակի զգուշություն են ցուցաբերում, բյուջեի կատարողականի քննարկաման ժամանակ, արձագանքելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ի՞նչն է խոչընդոտում ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կնքելուն, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
«Այդ գործընթացը պետք է իրականացնել առավել ազատ և արդյունավետ ճանապարհով, ավելի լավ միջավայր ստեղծելու նպատակով»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց նաև՝ ինչու չի պահպանվում 2013 թվկանին կնքված Ասոցացման համաձայնագրի որոշ դրույթներ, այն դեպքում, երբ հայտարարվում էր, որ դրանց մեծ մասը պետք է պահպանվեր, Կ. Նազարյանն արձագանքեց, որ այս ընթացքում տարածաշրջանում տեղի են ունեցել տարբեր զարգացումներ և բնական է, որ երկու կողմերն էլ պետք է փորձեն այդ զարգացումներն արտացոլել այդ փաստաթղթում:
«Չեմ կարող բացառել կամ հերքել, թե նման հայտարարություններն օգտակար են բանակցային գործընթացի համար, սակայն կարծում եմ, որ այստեղ կառուցվածքային կամ առեղծվածային ոչինչ չկա, և բանակցությունների ավարտից անմիջապես հետո այդ փաստաթուղթը կստորագրվի: Իսկ մինչ այդ կներկայացվի նաև հանրային քննարկման և այս պահին խոսել բանակցային գործընթացի ինչ-որ զարգացումներից ու բովանդակային հարցերից տեղին չէ: Վստահ եմ, որ դա կարող է վնասել հանրային ու պետական շահերին: Նորից եմ կրկնում՝ այստեղ առեղծվածային ոչինչ չկա, բայց այս պահին ձեռնպահ կմնամ այլ մեկնաբանություններից»,- ասաց նա: