26/05/2016 22:20
Շարմազանով. Սամվել Բաբայանը դեռևս հայտ չի ներկայացրել մեծ քաղաքականություն վերադառալու վերաբերյալ
Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի վերադառնալու իր հայրենիք, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին:
«Հատուկ մեկնաբանելու կարիք չկա: Վերադարձել է, բարով է վերադարձել», - ասաց նա:
Նա նշեց, որ Սամվել Բաբայանը դեռևս հայտ չի ներկայացրել մեծ քաղաքականություն վերադառալու վերաբերյալ:
«Յուրաքանչյուր քաղաքացու որոշելիքն ու իրավունքն է դա, այդ թվում՝ Սամվել Բաբայանի, ով նույնպես կարող է զբաղվել իր նախընտրած գործով, իհարկե՝ օրենքի շրջանակներում», - հավելեց նա:
«Պետք չէ նրա վերադարձից մեծ աժիոտաժ սարքել: Լավ է վերադառնան, քան հեռանան: Ես վերադարձը դրական եմ գնահատում, անկախ նրանից շարքային զինվոր է, հասարակ քաղաքացի, թե արցախյան հերոսամարտի գեներալ», - ընդգծեց Է.Շարմազանովը:
Մեկնաբանելով Ս.Բաբայանի քննադատական խոսքերը հայաստանյան իշխանությունների հասցեին, Է. Շարմազանովը նշեց. «Անկախ այս կամ այն քաղաքական ու հասարակական գործչի հայտարարություններից, մենք մեր հստակ ասելիքը քառօրյա պատերազմի վերաբերյալ արդեն ասել ենք: Քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ և ԼՂՀ ԶՈՒ կատարել են իրենց վրա դրված պարտականությունները: Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ադրբեջանական կողմի բլից-կրիգը տապալվեց և Ադրբեջանը ձախողեց: Որևէ բնակավայր Ադրբեջանը չի կարողացել գրավել և բոլոր տարածքները գտնվում են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության ներքո»:
«Ադրբեջանը փորձեց այդ գործողություններով և ճնշումներ գործադրելով ստանալ միակողմանի որոշումներ, ինչը ևս չի ստացվել: Հակառակը՝ դրանից հետո հայկական կողմերը նաև դիվանագիտական հարթակում էլ ավելի են ամրացել, որի վառ ապացույցն էր նաև Վիեննայի՝ արտգործնախարարների մակարդակով հայտարարությունը, որտեղ հիմնականում ամրագրվել են հայկական կողմի առաջարկությունները, որոնք պատերազմի օրերին և դրանից հետո հնչեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը», - ասաց նա:
Է.Շարմազանովն ընդգծեց, որ եթե հայկական կողմերը չտիրապետեին իրավիճակին, դժվար թե Ադրբեջանը ֆիասկո ապրեր: «Այդ ֆիասկոն այն փաստն է, որ հայկական երկու պետությունները լուրջ ուշադրություն են դարձրել արցախյան հարցի կարգավորմանը: Մեկ անգամ չէ, որ ՀՀ նախագահի մակարդակով հնչել է, որ Հայաստանի ու Արցախի թիվ մեկ խնդիրը մնում է մեր երկրի անվտանգությունը», - ասաց ՀՀԿ խոսնակը: