26/05/2016 19:44
Մահացել է Շչորս Դավթյանը
Մայիսի 26-ի գիշերը կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պատմաբան, լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Շչորս Դավթայնը:
Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 27-ին, ժամը՝ 18:00-ին, իսկ հուղարկավորությունը մայիսի 28-ին, ժամը՝ 13:00-ին, հետևյալ հասցեում՝ ք. Սիսիան, Նիկողայոս Ադոնց 11:
Շչորս Դավթայնը ծնվել է 1938թ. մարտի 12-ին Էջմիածին քաղաքում` զինվորականի ընտանիքում: Նրա ծնողները սերում են Գորիսի Արեգունի գյուղից: Ավարտել է Երևանի պետական համլսարանի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր, 1979-1988թթ. Սիսիանի կուսշրջկոմի 2-րդ, 1-ին քարտուղար: 1988-1991թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: 15 տարի (1980-1995թթ.) եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր: 1995 թ.-ից կատարել է լրագրողական, պետական և հասարակական աշխատանք:
Շչորս Դավթայնը պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով: Վերջին տարիներին` «Մարշալ Բաղրամյան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» ինչպես նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից` շնորհակալագրով և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով: մեդալներով,
Նա հեղինակել է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական և այլ գրքեր, այդ թվում՝ «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը», «Սիսիանի բնակավայրերի պատմությունը», «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք», «Ականավոր սյունեցիներ», «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը», «Լոր, հնամենի գյուղ, հարյուրամյա դպրոց», «Համո Սահյան. կյանքը և գործը», «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը», «Աշոտ Սաթյան-100»: Կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն», «Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի քառյակներ» ժողովածուները և այլն: