26/05/2016 10:10
Պյոտր Սվիտալսկի. Հայաստանի և ԵՄ միջև նկատվող դժվարանցանելի հատվածները հաղթահարելի են
Հայաստանի և Եվրոպական միության միջեւ եղած բանակցությունների ոգին լի է կառուցողական մոտեցմամբ եւ օրակարգով, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Կան իհարկե դժվարանցանելի հատվածներ, բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ եւ՛ եվրոպական, եւ՛ հայկական կողմը կգտնեն դրանք հաղթահարելոււ միջոցներ», - ասաց դեսպանը ԵԺԿ 4-ամյակին նվիրված ընդունելությանը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում։
Հարցին, թե երբ է պատրաստ լինելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Պ.Սվիտալսկին պատասխանեց. «Նալբանդյանը եւ Մոգերինին իրենց վերջին հանդիպմանը համաձայնել են այս հարցում վերջնաժամկետներ չսահմանել, բայց կողմերը հակված են հնարավորինս շուտ ավարտին հասցնել բանակցությունները։ Երբ դա կլինի, դեռ պարզ չէ», - ասաց նա։
Դեսպանը նշեց, որ կառուցողական երկխոսությունը շարունակվում է։
«Շատ կառուցողական մթնոլորտ է, միայն մնում է դժվարանցանելի հատվածները հաղթահարելու միջոցներ գտնել եւ ազնիվ ու թափացիկ մոտեցմամբ կունենանք հարյուր տոկոսանոց արդյունք», - նշեց դեսպան Սվիտալսկին։
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը անցյալ տարվա հոկտեբերի 13-ին Եվրահանձնաժողովին մանդատ է տվել Հայաստանի հետ բանակցություններ սկսել: Սպասվում է, որ բանակցությունների ավարտից հետո Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիր է ստորագրվելու, որի հիմքը լինելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ ԵՄ-ն եւ Հայաստանը բանակցել էին շուրջ չորս տարի: Ասոցացման համաձայնագիրը եւ դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը չստորագրվեց, քանի որ Հայաստանը աննդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: