26/05/2016 16:48
Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացումը այս պահի համար այլևս վերջացած գործընթաց է
Եվրոպական միության հետ Հայաստանի ասոցացումը այս պահի համար այլևս վերջացած գործընթաց է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նշենք, որ Բրյուսելում մայիսի 23-ին տեղի ունեցած Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ ասոցացման բանակցություններ սկսել: Ռինկևիչն ասել է, որ« Եվրամիությունը պետք է Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ կնքի համաձայնագիր ազատ առևտրի եւ վիզաների ազատականացման վերաբերյալ»:
Անդրադառնալով Լատվիայի նախարարի այս հայտարարությանը, դեսպան Սվիտալսկին ասաց. «Նման հայտարարության մասին տեղյակ չեմ և չեմ կարող որեւէ բան ասել: Հայաստանի հետ հիմա մենք գնում ենք շրջանակային համաձայնագրի տրամաբանությամբ: Հայաստանի ասոցացումը այս պահի համար այլևս վերջացած է»:
Այդուհանդերձ, դեսպանը նշեց, որ Հայաստաը միշտ կարող է հետ վերադառնալ ասոցացման համաձայնագրին: «Այդ դեպքում Հայաստանը պետք է ստորագրի եւ վավերացնի արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագիրը», - ասաց եվրոպացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը անցյալ տարվա հոկտեբերի 13-ին Եվրահանձնաժողովին մանդատ է տվել Հայաստանի հետ բանակցություններ սկսել: Սպասվում է, որ բանակցությունների ավարտից հետո Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիր է ստորագրվելու, որի հիմքը լինելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ ԵՄ-ն եւ Հայաստանը բանակցել էին շուրջ չորս տարի:
Ասոցացման համաձայնագիրը եւ դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը չստորագրվեց, քանի որ Հայաստանը աննդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: