26/05/2016 17:21
Նախագահ. Հայաստանը տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացումը համարում է հայ-ռուսական հարաբերությունների կարևոր մաս
Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է որպես հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն՝ ընդունելով հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հենց այս համատեքստում է դիտարկվում փոխգործակցությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Օլեգ Բելոզյորովը ՀՀ Նախագահին զեկուցել է իր պաշտոնավարման ոչ այնքան երկար ժամանակահատվածում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի, երկաթուղիների կառավարման արդյունավետության բարձրացման գործում արձանագրված ցուցանիշների, ինչպես նաև դեռևս առկա խնդիրների ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսված ծրագրերի մասին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, առկա խնդիրների լուծման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները: