26/05/2016 20:10
Յուրաքանչյուր պատգամավոր պետք է զբաղվի նրանով, ինչով կարող է. Վահան Բաբայանը՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս գալու մասին
ԵԽԽՎ հարթակը լրջագույն դիվանագիտական հարթակ է, որը ենթադրում և պահանջում է լրջագույն մասնակցություն այդ գործընթացում, որոշեցի հրաժարական ներկայացնել, լրագրողների հետ զրույցում խոսելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից դուրս գալու մասին, Aysor.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
«Դա իմ անձնական որոշումն է և ոչ՝ ԲՀԿ-ինը և վստահ եմ, որ ինձ փոխարինողն ավելի լավ կաշխատի»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ իրեն կփոխարինի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վահան Բաբայանն ասաց, որ ինքն այս պահին զբաղված է կուսակցաշինությամբ և չի կարող Հայաստանից դուրս լինել և ներսում աշխատանքներ իրականանցնել:
«Գտնում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է զբաղվի նրանով, ինչով կարող է:Վստահ եմ, որ նա, ով ինձ կփոխարինի, ավելի արդյունավետ աշխատանք կկատարի՝ այնտեղ ներկայացնելով մեր երկիրը: Ես ինձ տեսնում եմ քաղաքական կուսակցաշինության գործում»,- ասաց նա:
Պատգամավորը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ի հետ որևէ խնդիր չունի և չի ունեցել:
«Դա իմ անձնական որոշումն է եղել և որևէ մեկը ինձ չի ասել, խնդրել կամ ստիպել: Նման քննարկում ընդհանրապես չի եղել, առավել ևս՝ ԲՀԿ որևէ անդամի հետ»,- ասաց նա: