26/05/2016 12:41
Կառավարությունը մերժեց Թևան Պողոսյանի՝ զինծառայողներից սերմնաբջիջներ վերցնելու վերաբերյալ առաջարկը
Կառավարույունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած ՀՀ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը՝ հիմնավորմամբ, որ առաջարկվող նախագիծը հակասում է արդեն գործող Հայաստանի մի շարք օրենքներին:
Հիշեցնենք, որ նախագծով պատգամավորն առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինծառայողներից վերցնել սերմնաբջիջները և դրանք պահպանել այդ նպատակով ստեղծված հատուկ բանկում, և հետագայում, անհրաժեշտության դեպքում, և ըստ ցանկության՝ դրանք օգտագործել :
Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն հայտարարեց, որ նշված օրենքում արդեն իսկ առկա է նույնաբովանդակ դրույթ: «Մասնավորապես, օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունը երաշխավորում է քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանությունը նրանց կյանքը վտանգող իրավիճակներում կամ սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջությանը վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաև այլ բժշկասոցիալական ցուցումներ) դեպքում։ Ուստի նախագծով սահմանված դրույթն օրենքում առանձին մասով սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է», - ասաց փոխնախարարը:
Բացի այդ՝ փոխնախարարը նշեց, որ նախագծով կարգավորված չեն սեռաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կամ այդ հարցերի իրավական կարգավորման նպատակով լիազորություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, ինչը հակասում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:
«Ներկայացված նախագիծը խնդրահարույց է նաև էթիկական տեսանկյունից, մասնավորապես ամուսնության մեջ չգտնվող զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործմամբ ծնված երեխաների մասով, նույնիսկ այն դեպքերում, եթե սահմանվեն որոշակի իրավական ընթացակարգեր: Արդյունքում, ստացվում է, որ պետության կողմից ապահովվում է ի սկզբանե ծնողազուրկ երեխաների ծնունդը, որոնք իրավական ընթացակարգերի սահմանման դեպքում կարող են որդեգրվել զոհված զինծառայողի հարազատների կողմից», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ այս մոտեցումը որոշակի հակասության մեջ է մտնում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության հետ, այն է` որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձևը։
«Փաստորեն, ստացվում է, որ առանձին դեպքում պետությունը հնարավոր է համարում ի սկզբանե առանց ծնողական խնամքի երեխաների ծնունդը և նրանց հետագա որդեգրումը: Ելնելով շարադրվածից՝ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքինախագծի ընդունումը», - հայտարարեց փոխնախարարը: