26/05/2016 17:12
Վելայաթի. Իրանը Միացյալ Նահանգների հետ հույսեր չի կապում
Իրանը Միացյալ Նահանգների հետ հույսեր չի կապում,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Իրանի ԱԳ նախկին նախարարը, անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների պատմությունը վկայում է, որ ամերիկացի պաշտոնյաների արտահայտած բարի կամքի դրսևորումների հետ երբեք չպետք է հույսեր կապել, հետևաբար այդ հարցում մենք լավատես չենք»:
Հավելենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին օրերս Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով միջուկային համաձայնությամբ պայմանավորված ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես նշել էր. «Միացյալ Նահանգներն իրենց պարտավորությունների մեծ մասը չեն կատարել. ԱՄՆ-ի կողմից մեծ պահանջներ ներկայացնելու քաղաքականության դեմը պետք է առնենք:
Եթե դա չանենք, ապա մի օր էլ հերթը կհասնի մեր պաշտպանական համակարգերին, հետո պատրվակ կբերեն մարդու իրավունքները, մի օր էլ կառաջարկեն, որ ճանաչենք Իսրայելը»: